Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը Lragir.am-ին տված հարցազրույցում հայտնեց, որ մինչև այժմ հայտնում էին օմիկրոնի երկու շտամների մասին՝ BA.4 և BA.5, սակայն հուլիսի 11-ից սկսած ԱՀԿ-ն BA.2.75 շտամը, որը նախկինում գտնվում էր մոնիթորինգի տակ, հիմա անհանգստացնող տարբերակ է դարձել։
Այն շատ ավելի արագ է տարածվում, քան BA.5-ը, որը նախկինում համարվում էր ամենաարագ տարածվողը։ Դեպքերի աճը վկայում է այն մասին, որ Հայաստանում նույնպես մենք արդեն ունենք այդ շտամը։Այդ վիրուսի ծանրության աստիճանը դեռ մոնիթորինգի տակ է։ Բայց այն, որ օրական աշխարհում արդեն մոտ 1 մլն դեպք է արձանագրվում, սա հաստատում է դրա ինտենսիվ տարածումը։ Այս շտամը նախկինների համեմատ կարող է շատ ավելի հեշտ խուսափել թե նախկինում հիվանդության արդյունքում ձևավորված, թե որոշ չափով նաև պատվաստման արդյունքում ձևավորված հակամարմիններից։
Ուստի բուստեր դեղաչափերով պատվաստումը պետք է շարունակել, որովհետև ծանր ձևերից այն պաշտպանում է։ Մենք ունենք ընդամենը 60 հազարի կարգի խթանիչ դեղաչափով պատվաստման ցուցանիշ, իսկ դա շատ փոքր թիվ է և կարիք ունենք այն ավելացնելու։
Հայաստանում մենք ալիքի սկզբին ենք գտնվում այժմ, մեզ մոտ դա վեցերորդ ալիքն է։ Երկրներ կան, որտեղ 7-րդ, 8-րդ ալիքն է սկսվել։ Կարծում եմ, սա շարունակական է, և դեռ վերելք էլ կունենանք։ Այդ մասին հավելեց Մերի Տեր-Ստեփանյանը։