էս ինչ փորձանք էր եկավ մեր գլխին…Գյուղի տանջված մարդիկ են. մանրամասներ` Ոսկեհասկի պայթյունից. տեսանյութ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ Պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Oragir.News-ի լրագրողն այցելել է գյուղ և զրուցել հարևանների հետ՝ պարզելու կատարվածի մանրամասները։

«Առավոտ ժամը վեցին զարթնել են, որ գնան անասուններին կեր տալու։ Գազը վառել են, որ կոֆե խմեն, գազը տրաքել է, բալոնով գազը։ Էս ինչ փորձանք էր եկավ մեր գլխին։ 7 հոգանոց ընտանիքից, 5-ն են տանը եղել։ Ընտանիքից 2-ը՝ հարսն ու սկեսուրը, վիրավորումներ են ստացել, 12-ամյա աղջիկը տեղում մահացել է (քնած է եղել, պատը վրան է փլվել)»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է Արա Միլիտոսյանը, ով Խաչատրյանների ընտանիքի ազգականն է։

Գյուղում Խաչատրյանների մասին պատմելիս ասում են, որ նրանք խելոք, շնորհքով, տանջված մարդիկ են։ «Անասնապահությամբ էին զբաղվում, իրենց աջին քաշած մարդիկ են։ Մենք վատ բան չենք տեսել, շոկի մեջ ենք կատարվածից։ Դպրոցին կպատրաստվեին, էս ինչ զուլում էր»,- ասել է գյուղացիներից մեկը։

«Միջին ապրող ընտանիք էին, 2 կով ունեին, խոզ, էդպես իրենց համար ապրում էին։ Ընտանիքի փոքր տղան սպա է, Աշտարակում է ծառայում։ Խելոք-շնորհքով մարդիկ են, չգիտեմ ինչ ասեմ»,- հավելել է մեկ այլ գյուղացի։

Տեսանյութում կարող եք տեսնել գյուղացիների ցավալի արձագանքներն ու ընտանիքի վերաբերյալ մանրամասները։ Այս ողբերգական դեպքը խորը տպավորություն է թողել ողջ համայնքի վրա՝ դարձնելով այն սարսափելի հիշողություն։

Մանրամասները՝ տեսանյութում։