Ոստիկանների ուղղությամբ կրակելու, նրանցից մեկին սպանելու համար կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Հայտնել է դատախազությունը:
Մանուկ Մարգարյանը մեղադրվում է սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ ծառայողական գործունեությանը միջամտելու համար:Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ տեղեկություններ են ստացվել, որ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «ՎԱԶ 2107» մեքենայի մեջ։
Նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։ Կրակոցների հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ Նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ: