Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Խանջյան փողոցը Հերացի փողոցին միացնող ավտոճանապարհին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հարևանությամբ ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Անդրանիկ Վ․-ի վարած Opel մակնիշի և 61-ամյա Էդուարդ Ա.-ի վարած VAZ 2102 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդուարդ Ա․-ն տեղում մահացել է։ Opel-ի վարորդ Անդրանիկ Վ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վերջինիս ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Լուսինե Մ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ մյուս ուղևորները՝ Երևանի բնակիչներ 42-ամյա Հասմիկ Խ․-ն, 51-ամյա Արմենուհի Ճ․-ն և VAZ 2102-ի ուղևոր Երևանի բնակիչ 57-ամյա Լիզա Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1
համալսարանական հիվանդանոց։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղեկալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Ն․ Պետրոսյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 342 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։