Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը զեկուցել է, որ փաստաթուղթը նոր չէ, դեռևս 2019թ. ընդունված ռազմավարության շարունակությունն է, և շատ աշխատանքներ, որոնք ժառանգված են նախորդից, առավել կատարելագործում են ոլորտում սկսված բարեփոխումները, պատրաստ են և առաջիկա ամիսներին կիրագործվեն: Առաջին ուղղությունը դատական համակարգի բարեփոխումն է, որով նախատեսվում է առաջիկա ամիսներին հակակոռուպցիոն դատարանների ողջ շղթայի գործարկում: Մյուս ուղղությունը դատական գործընթացների թվայնացումն է և էլեկտրոնային արդարադատությունը, որը վերաբերում է ոչ միայն դատարաններին, այլև քրեական
արդարադատության ողջ համակարգին, նախաքննության մարմիններին: Դատախազության հետ համատեղ աշխատանքի արդյունքում շուտով կիրականացվի քննչական և դատախազական գործընթացների թվայնացում: Նախարարը նշել է, որ Կառավարության նիստի՝ այսօր չզեկուցվող հարցերից մեկով քաղաքացիական դատավարության գործընթացների թվայնացման համար հատկացվելու է շուրջ 348 մլն ՀՀ դրամ, որով հնարավոր կլինի դատական քննություն իրականացնել առցանց եղանակով, առանց մարդու կամ փաստաբանի դատարան այցելելու: Նույնը նախատեսված է նաև վարչական և քրեական դատավարության դեպքում: Մեկ այլ կարևոր ուղղություն է բարեվարքության խնդիրը. ռազմավարությամբ նախատեսվում է բոլոր գործող դատավորների, նաև դատախազների, քննիչների, ՔԿՀ աշխատակիցների բարեվարքության ստուգում: Ռազմավարական ուղղությունների շարքում են ԲԴԽ-ում կարգապահական որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսումը, փաստաբանական, հարկադիր կատարման, սնանկության, նոտարիատի ոլորտների բարեփոխումները, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը և այլն: