Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի ահասարսուռ սպանության դեպքից հետո Փառանձեմ Վաթյանի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Որդու՝ Տիգրանի հենց հուղարկավորության օրը Փառանձեմը «զրկվեց» միանգամից 5 երեխայից: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց նրա 4 երեխաներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի «երեխաների պաշտպանության կենտրոն»: «Ամուսնուն կալանավորեցին, երեխաներին տեղափոխեցին երեխաների աջակցման կենտրոն, ընտանիքում մնաց մենակ: Ծնողներն են որոշել որոշակի ժամանակով իրենց մոտ տանել Փառանձեմին, մինչեւ դուրս գա սթրեսից: Փառանձեմի հոգեբանական վիճակը կայունանա, ասում է՝ գնալու եմ տուն, երեխաներիս հետ բերեմ ինձ մոտ»: Այս մասին Առավոտի հետ զրույցում պատմում է Վարդենիս համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը:Ըստ նրա՝ Վարդենիս համայնքի սոցիալական աշխատողներ են հաճախակի այցելում Փառանձեմին, նրա հետ աշխատում է հոգեբանը. «Այսօր երրորդ այցն եմ կատարել, արդեն փոփոխություն եմ տեսնում Փառանձեմի մոտ: Էն առաջին օրվա պես ինքն իր մեջ փակված չէ, խոսում է»:

Փառանձեմ Վաթյանի խոսքով, այդ որդու դեմքի վրա էլ են վնասվածքներ եղել. «Երեսը տեղ-տեղ վառված էր, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել»: Փառանձեմ Վաթյանը չի հավատում կատարվածին, առավել եւս, որ ամուսինը նման բան արած լինի: Տիգրանի դին ճանաչելուց հետո, պատմում է, որ ամուսնուն այլեւս այդպես էլ չի տեսել, որ հարցնի ինչ-որ բան: Ահասարսուռ դեպքի պատճառը ինքն իր մեջ էլ Փառանձեմը դեռ փորձում է գտնել, բայց որեւէ պատճառ չի տեսնում. «Ամուսինս երբեւէ բռնության չի ենթարկել ո՛չ ինձ, ո՛չ երեխաներիս: Հոգատար հայր էր: Ինձ անընդհատ հարց եմ տալիս՝ ինչու ու չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ»: ՆԳ նախարարը դեպքից հետո նախաքննական գաղտնիք էր հրապարակել սպանության դեպքով, թե կալանավորված տղամարդը հայտնել է սպանության դրդապատճառը՝ փոքրիկ Տիգրանը իր երեխան չէր: Փառանձեմը չի հավատում նույնիսկ այդ խոստովանությանը. «Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել, նման կասկածներ ամուսնուս մեջ երբեք չեն եղել: Այդ տեղեկությունը չգիտեմ՝ որտեղից է դուրս եկել: 5 երեխաներիս հայրն էլ ամուսինս է»:
Փառանձեմի մայրը նույնպես զարմացած է կատարվածից, չի հավատում, որ փեսան ընդունակ էր նման բանի. «Իմ 12 տարվա փեսան է, նման բան չեմ սպասել իրենից, որեւէ վատ բան չեմ տեսել նրանից»: Փառանձեմը դժվարանում է նաեւ հավատալ, թե Տիգրանի դին տեղից տեղ է տեղափոխել ամուսինը, որը մասնակցում էր փրկարարների որոնողական աշխատանքներին: Այս ընթացքում ՀՕՖ-ի աշխատակիցների հետ իր մեծ աղջիկն է այցելել Փառանձեմին: Երեխաների մորաքույրն է մի անգամ երեխաներին տեսության գնացել : Փառանձեմի 4 երեխաներից 2-ը արդեն հաճախում են դպրոց, Արամայիսի հետ լոգոպեդն է աշխատում: Իսկ երեխաները կվերադարձվե՞ն Փառանձեմին, խնամակալության եւ հոգաբարձության մարմինը դեռ հստակ որոշում չունի: Փառանձեմի հետ աշխատող հոգեբանն էլ արձանագրել է, որ այս փուլում երեխաներին Փառանձեմին վերադարձնելն անհնար է: Փառանձեմն ինքը հոգեբանի շարունակական աշխատանքների կարիք ունի:
«Մենք դեռ պետք է հասկանանք՝ երեխաների շահերի տեսակետից ինչքանով նպաստավոր կլինի երեխաների վերամիավորումը մոր հետ: Եթե պարզվի, որ այս մայրիկն իմացել է հոր վարքի մասին ու լռել է, սա շատ լուրջ հիմք է, որ երեխաներն այլևս չվերադառնան մոր մոտ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՕՖ «երեխաների պաշտպանության կենտրոնի» ղեկավար Միրա Անտոնյանը: Ի դեպ, Փառանձեմ Վաթյանը Թուֆենկյան հիմնադրամի սեզոնային աշխատակից է, Ծափաթաղում տնտեսություն ունեն՝ կովեր, հավեր, նապաստակներ ու մեղվաընտանիք: «Ինքնաբավ, իրենց աշխատանքով ապրող ընտանիք»,- վստահեցնում է Վարդենիս համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը»: