Օգոստոսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռո մարզում: Ժամը 19:20–ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Man բեռնատարն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Բախման հետևանքով Mercedes-ը
բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե հենապատերին, որից երկուսը կոտրվել են ու Mercedes-ը մոտ 4 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է Դեբեդ գետի ափին՝ բախվելով ծառին: Վթարի փաստով Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, նույնպես մահացել է: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը 18-ամյա Նարե Մաթևոսյանն է, մեկը 15-ամյա Միլենա Պարտիկյանն է և 20-ամյա Արգիշտի Մանուկյանը, իսկ Man-ի վարորդը՝ 58-ամյա Դավիթ Օմիլաշվիլին է: