Վերջին շրջանում իմ ու ամուսնուս հարաբերությունները շատ լարված են դարձել: Միշտ վիճում ենք, միշտ խնդիրներ ու տարաձայնություններ ունենք, չնայած նրան, որ նախկինում այսպիսի բան չի եղել մեր ընտանիքում ու հիմա էլ ոչ մի լուրջ պատճառ թվում է թե չկա: Բայց վեճերն անսպառ են: Ամուսինս պարփակվել է ու դուրս չի գալիս իր սենյակից, անդադար հեռախոսով կամ համակարգչով ինչ որ բան է անում: Մի օր ուղղակի էլ չդիմացա ու որոշեցի տեսնել, թե ինչով է զբաղված: Աչքերիս չէի հավատում. պարզվում է՝ ամուսինս տարբեր կանանց հետ նամակագրական կապի մեջ է ու բոլորի հետ այնպես է շփվում, կարծես նրանք իր կյանքի միակ ու անկրկնելի սերերն են: Բոլորին սիրո խոստովանություն է անում, հաճոյախոսություններ, խոսում է ինչ-որ անհավանական
բաներից ու դրանք վերագրում իրեն: Ներկայանում է լրիվ ուրիշ մարդ ու բոլորին խաբում: Տեսածիցս ուղղակի ապշել եմ: Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ նա ինչ որ մեկի հետ կապ ունի, այլ այն, որ նա կարծես հիվանդ լինի: Շփվում է տասնյակ կանանց հետ, օնլայն ներկայանում լրիվ ուրիշ մարդ ու լվանում բոլորի ուղեղը: Նրա հետ փորձել եմ խոսել այս թեմայով, նա կտրականապես հերքում է ու չի խոստովանում: Ասում է, որ ես ստում եմ ու դա իմ երևակայության արդյունքն է, այնինչ նա ուղղակի չի ուզում խոստովանել, որ խնդիրներ ունի: Չգիտեմ էլ այսքանի հետո ոնց եմ ապրելու հետը ու ինչ է ինձ սպասվում: