«Ասաց՝ ես գերի չեմ մնա, նռնակը ձեռքս ա, ինձ կպայթացնեմ, ձեր ընգերն եմ, ձեզի սիրում եմ»․ մեդալ Գոռին՝ հետմահու, ցավ ու կարոտ՝ հարազատներին

Երկու տարի է անցել այն օրից, երբ Այվազյանները պատերազմում կորցրել են իրենց կրտսեր որդուն՝ 29-ամյա Գոռ Այվազյանին։ Այվազյանների վիշտը որևէ կերպ չի սփոփվում, մինչ այսօր էլ նրանց համար «որևէ ուրախություն չկա»։

«Մեր կյանքը շատ տխուր ա դարձել։ Առանց իրեն շատ դժվար է։ Իր հուշարձանը մեր տան մոտակայքում ա, ամեն առավոտ որ գնում եմ աշխատանքի, միշտ իր կողքով եմ անցնում, ասում եմ՝ բարև, բարի լույս, խոսում եմ իր հետ՝ ես գնացի գործի, գործից եկա, բարի գիշեր։

Լինում ա՝ խոսքիս մեջ մեղադրում եմ, ասում եմ՝ քեզ պետք չէր, ինչի՛դ էր պետք, որ գնացիր, նենց սարքեցին, որ հիմա մեր տղերքի մահանալը անիմաստ դարձավ»,- ցավով ասում է Գոռի եղբայրը՝ Գարսևան Այվազյանը։

Լուսանկարում՝ Գոռ Այվազյանը։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Գոռ Այվազյանը պատերազմ է մեկնել կամավոր, 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն իմանալուն պես անմիջապես կամավորագրվել է և մեկնել է առաջնագիծ՝ Ջրական, որտեղ թեժ մարտեր էին ընթանում։

Գոռի եղբայրը հիշում է՝ Գոռը դեռ քառօրյա պատերազմի ժամանակ էր ուզում մասնակցել, սակայն Մոսկվայում էր, և կարողացել են նրան համոզել, որ չվերադառնա, սակայն 44-օրյայի ժամանակ Հայաստանում էր, և որևէ մեկը նրան հետ պահել չէր կարող։

«Մեզ չթողեց՝ ինձ ու եղբորս, քանի որ մենք երեխաներ ունեինք, ասեց՝ դուք ավելի լավ ա մնաք երեխաների հետ, ինքը երեխա չուներ, ամուսնացած չէր, ասում էր՝ ավելի լավ ա՝ ես գնամ, ու գնաց»։

Գոռ Այվազյանը 7 օր հակառակորդի դեմ թեժ պայքար է մղել, 7-րդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, ոտքից վիրավորվել։

Գոռն այդ ընթացքում կապ է հաստատել ընկերների հետ և ասել, որ վիրավորվել է և դիրքում մենակ մնացել։ 

«Մենք հաճախ էինք խոսում, պատմում էր, որ դաժան պատերազմ է։ Հոկտեմբերի 3-ին առավոտյան 7-ին զանգեց, արդեն վիրավորում էր ստացել ոտքից, ասեց՝ մարտական ընկերները փախել են, ինքը մենակ ա մնացել։ 

Ինչքան էլ ընկերներով փորձեցինք ճշտել իր տեղանքը կոորդինատներով, որ օգնության հասնեինք, չստացվեց։ Ասաց՝ նռնակս ձեռքս ա, ես գերի չեմ մնա, ես ինձ կպայթացնեմ»,- պատմում են Գոռի ընկերները ու հիշում նրա վերջին խոսքը՝ «Ես ձեր ընգերն եմ։ Ձեզի սիրում եմ»։

Այդ զանգից հետո Գոռի հետ կապ հաստատել որևէ մեկը չի կարողացել։ 

Չորս ամիս Գոռի մտերիմները, ընկերներն ու հարազատները փնտրել են նրան ամենուր՝ հիվանդանոցներում, մորգերում, սակայն որևէ տեղեկություն չեն ստացել։

Ողբերգական դեպքից չորս ամիս անց՝ փետրվարին, ԴՆԹ հետազոտության պատասխանն է ստացվում համընկնման վերաբերյալ։

«Դատաբժշկական փորձաքննություն եղավ, հաստատվեց նաև, որ ինքն իրեն նռնակով է պայթեցրել»,- կսկիծով պատմում է եղբայրը։

Գոռ Այվազյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հուղարկավորված է ծննդավայրում՝ Հրազդանի Վանատուր թաղամասի պանթեոնում։

Եղբայրը պատմում է՝ Գոռը շատ ընկերասեր էր, կենսուրախ, կյանքը վայելող, սիրում էր առիթներն ու խնջույքները․ 

«Պարահրապարակից չէր գալիս նստելու, հիմա ինչ-որ առիթ ա լինում, մենք չենք մասնակցում ոչ մի բանի, չենք կարողանում։ 30 տարեկան եղբայր եմ հողին հանձնել, ո՞նց մասնակցեմ»,- ցավով ասում է Գարսևանը։

Գոռ Այվազյանը սիրել է սպորտը, զբաղվել է ֆուտբոլով և թեթեւ աթլետիկայով։ Մասնագիտացել և աշխատել է անվտանգության համակարգում։

Ընկերների խոսքով՝ Գոռը 24-ժամյա ընկեր էր, ամեն պահի հասանելի, ամեն վայրկյան պատրաստ օգնելու, բարի էր, կամեցող, մարդկանց հետ հեշտ շփվող։

«Որ ժամին դիմեինք՝ կեսգիշերին, գիշերին, ցանկացած պահի ինքը հասնում էր»,- պատմում են ընկերները ու նշում՝ Գոռը երբեք որևէ դժվարության հանդիպելիս չէր ընկճվում, ընդհակառակը՝ մշտապես լավատես էր, որ այդ դժվարությունն էլ կհաղթահարի։

Ընկերների ու հարազատների խոսքով՝ առանց Գոռի կյանքը շատ է փոխվել, այլևս ոչինչ առաջվանը չէ․

«2 տարի առաջ այս օրն է դեպքը եղել, ծանր է, մինչև հիմա ուշքի չենք գալիս»,- ասում է Գոռի եղբայրը և ծանր հոգոց հանում։