ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կարևոր լուր նրանց համար, ովքեր պատրաստվում են Վրաստան մեկնել

Վրաստանը նախատեսում է Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին 5 կիլոմետրանոց շրջանցիկ հատված կառուցել, քանի որ գոյություն ունեցող ճանապարհը վատ վիճակում է և չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

Այս մասին հայտարարել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի նախագահ Գեորգի Ծերեթելին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ խոսքը Ստեփանծմինդա–Գվելեթի հինգկիլոմետրանոց հատվածի մասին է։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտն արդեն մրցույթ է հայտարարել։ Նոր ճանապարհը կլինի Արշա–Ստեփանծմինդա շրջանցիկ ճանապարհի շարունակությունը և կլինի նոր մայրուղու հանգուցային հատվածներից մեկը: Այս ճանապարհի շնորհիվ հնարավոր կլինի հասնել Կոբի գյուղ՝ առանց Ստեփանծմինդա մտնելու։

Ըստ 245 մլն լարի արժողությամբ նախագծի՝ շինարարական ընկերությունը պետք է կառուցի երկու էստակադա` 2 018 մետր և 636 մետր, ինչպես նաև անցկացնի երկու թունել` 460 մետր և 846 մետր երկարությամբ: