Շիա իմամ Մուկթադա աս Սադրի կողմնակիցներն այսօր, օգոստոսի 29-ին, ներթափանցելով Բաղդադի հատուկ պահպանվող՝ «կանաչ» գոտի, փորձել են գրոհով վերցնել Հանրապետական պալատը՝ Իրաքի կառավարության շենքը։ Այս մասին հայտնում է իրաքյան «Աս Սումարիա» հեռուստաալիքը։ Պալատի միջանցքներում, ինչպես դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, բախումներ են սկսվել իրավապահ ուժերի եւ ցուցարարների միջեւ։
Կատարվածի հետ կապված՝ կազմակերպվել է բոլոր կառավարական հաստատություններից մարդկանց տարհանում։ Իրաքի մայրաքաղաքում պարետային ժամ է մտցվել։ Բաղդադի շիական թաղամասերում հայտարարվել է իմամի կողմնակիցների մոբիլիզացիա։ Ցույցեր են սկսվել նաեւ Իրաքի հարավում՝ Բասրա քաղաքում։
Իմամի կողմնակիցները որոշել են գրոհել կառավարության շենքը այն բանից հետո, երբ Մուկթադա աս-Սադրն այսօր առավոտյան Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է քաղաքականությունից հեռանալու եւ իր շարժմանը պատկանող գրեթե բոլոր հաստատությունները փակելու որոշման մասին։ Նա նաեւ ակնարկել է, որ իրեն կարող են սպանել՝ աղոթքներ խնդրելով։
Մուկթադա աս-Սադրը Իրաքի ամենահզոր շիա իմամներից մեկն է, որը կարող է իր հազարավոր կողմնակիցներին փողոց դուրս բերել: Նա գլխավորել է նաեւ «Ալ-Սայրուն» շարժումը, որը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ մանդատները: Սակայն նույնիսկ քաղաքական դաշնակիցների հետ միավորվելով՝ «Ալ-Սայրունը» չի կարողացել հասնել իրեն ձեռնտու վարչապետի եւ նախագահի նշանակմանը։ Արդյունքում հունիսի կեսերին իրենց իմամի հրամանով «Աս-Սայրուն»-ի պատգամավորները հրաժարական են տվել։ Մուկթադա աս-Սադրը պահանջել է նոր ընտրություններ, իսկ հուլիսի վերջին նրա կողմնակիցներն արգելափակել են խորհրդարանը՝ նստացույց անելով շենքի շուրջը։
Օգոստոսի կեսերին Իրաքի վարչապետ Մուստաֆա Քազեմիի նախաձեռնությամբ երկրի քաղաքական ուժերը համաձայնել են ազգային երկխոսություն վարել։ Սակայն Մուկթադա աս-Սադրը հրաժարվել է միանալ մեծամասնությանը, գրում է «Կոմերսանտը»։